среда, 14 октября 2015 г.

Սինտոիզմ

Սինտոիզմ (ճապ.՝ 神道, «սինտո», թարգ.՝ «աստվածների ուղի»), ճապոնական հնագույն կրոնը։ Սինտոիզմի դիցարանը բաղկացած է բազմաթիվ աստվածներից և հոգիներից։ Դիցարանը գլխավորում է արևի աստվածուհի Ամաթերասուն, որից սկիզբ է առնում ճապոնիայի կայսրի տոհմաբանությունը։ 1868 թվականին սինտոիզմը ճանաչվել է ճապոնիայի պետական կրոն։ 1947 թվականին սահմանադրությանբ այն հավասարվեց Ճապոնիայի մյուս պաշտամունքներին և այսպիսով դադարեց պետական կրոն լինելուց։
Ի տարբերություն համաշխարհային կրոնների, սինտոիզմը չունի որևէ հիմնադիր անձ, գլխավոր ուսուցիչ, օրենսդիր և հեղինակություն։ Սինտոիստները երկրպագում են բազմաթիվ աստվածությունների (կամիներ), որոնք ծնունդ են այն ժամանակների, երբ մարդիկ երկրպագում էին բնության կույր ուժերին, հավատում տանը և գետերում, սարերում ծառերի մեջ բնակվող այլ ոգիների գոյությանը։ Սինտոիզմը ուսուցանում է գլխավորապես նախնիների պաշտամունք և բնության երկրպագում։ Սինտոիզմը չունի այլ պատվիրաններ, բացի մաքրություն պահպանելու և իրերի բնական կարգին հետևելու առօրյա հանձնարարականներից։ Այն ունի բարոյականության մի ընդհանուր կանոն. «Վարվիր բնության օրենքների համաձայն, պահպանելով հանդերձ հասարակական օրենքները»[1]։ Սինտոիստական պաշտանմունքի մեջ շատ բան է պահպանվել նախնադարյան շամանական կախարդական ծեսերից, որոնք Ճապոնիայի տարբեր շրջաններում տարբեր են եղել։ Գոյության հազարամյակների ընթացքում սինտոիզմը կրել է բուդդայականության, կոնֆուցիանականության և այլ դավանանքների ազդեցությունը։ Այդ պատճառով սինտոիզմում չկա ոչ մի միասնական դավանաբանական ուսմունք։ Թեև երկարամյա պատմության ընթացքում ձևավորվել են որոշակի հատկանշական գծեր, որոնցով այդ կրոնը տարբերվում է մյուսներից։
5-6-րդ դարերի սինտոյական եկեղեցու ղեկավար է դարձել կայսերական տունը, կայսրը հայտարարվել է (VII դ․) սինտոյականության գերագույն քուրմ։ Բուդդայականության մուտքը ճապոնիա (VI դ․) հետզհետե վերացրել է սինտոյականության մենաշնորհը, 10-16-րդ դարերում գերակշռող դեր է ունեցել բուդդայականությունը, շատ ճապոնացիներ դավանել են երկու կրոն՝ սինտոյականություն և բուդդայականություն։ 17-18-րդ դարերում գործունեություն է ծավալել «պատմական դպրոցը» նպատակ ունենալով ամրապնդել սինտոյականությունը, վերածնել կայսեր պաշտամունքը և լիիշխանությունը։ Սինտոյականությունը բուդդա յականության հետ միասին վայելել է պետության հովանավորությունը, իսկ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել ազգայնամոլական և ռազմատենչ տրամադրություններ բորբոքելուն։ Պատերազմում ճապոնիայի պարտությունից հետո սինտոյականության ազդեցությունը թուլացել է, այն անջատվել է պետությունից, որոշ ծեսեր արգելվել են։ Սակայն 1950-ական թվականներից սկսած սինտոյականությունը վերելք է ապրում, հռչակվել է գերկրոն՝ պարտադիր բոլոր ճապոնացիների համար։ Ճապոնիայի դեմոկրատական ուժերը հակահարված են տալիս կառավարող շրջաններին, որոնք փորձում են սինտոյականությունը կրկին օգտագործել ազգայնամոլություն հրահրելու համար։
Սինտոյականությունը ճապոնացիների մեջ հատուկ հայացք է ձևավորել իրերի աշխարհի, բնության, փոխհարաբերությունների նկատմամբ։ Այդ հայացքը հիմնվում է հինգ կոնցեպցիաների վրա։ 
Առաջին կոնցեպցիան հավաստում է, որ ամենայն գոյ արդյունք է աշխարհի ինքնազարգացման. աշխարհը ստեղծվել է ինքնին, այն հրաշալի է ու կատարյալ։ Կեցության կարգավորիչ ուժը, սինտոյի ուսմունքի համաձայն, բխում է բուն աշխարհից, այլ ոչ թե ինչ-որ գերագույն էակից։
Երկրորդ կոնցեպցիան ընդգծում է կյանքի ուժը։ Դիցաբանության համաձայն, առաջին անգամ սեռական մերձեցումը եղել է աստվածների միջև։ Այդ պատճառով էլ սեռամոլությունն ու բարոյական մեղքը երբեք չեն շաղկապվել ճապոնացիների գիտակցության մեջ։
Երրորդ կոնցեպցիան հաստատում է բնության և պատմության միասնությունը։ Աշխարհի նկատմամբ սինտոյական հայացքում չկա բաժանում շնչավորի և անշունչի. սինտոյի հետևորդի համար շնչավոր է ամեն ինչ՝ և՛ կենդանիները, և՛ բույսերը, և՛ իրերը, ամենայն բնականի մեջ և հենց մարդու մեջ ապրում է կամին։ Ոմանք համարում են, որ կամի են հենց մարդիկ, կամ, ավելի ճիշտ, կամիները բնակվում են նրանց մեջ, կամ էլ, վերջին հաշվով, նրանք կարող են հետագայում կամի դառնալ և այլն։ Սինտոյի համաձայն, կամիների աշխարհը հանդերձյալ կացարան չէ, որը մարդկանց աշխարհից տարբեր է։ Կամիները միավորված են մարդկանց հետ, ուստի պետք չէ, որ մարդիկ փրկություն որոնեն մի այլ աշխարհում։ Ըստ սինտոյի, փրկությունն ապահովվում է ամենօրյա կամիներին միաձուլվելու միջոցով։
Չորրորդ կոնցեպցիան կապված է բազմաստվածության հետ։ Սինտոն ծնունդ է առել բնության տեղական պաշտամունքներից, տեղի, տոհմային ու ցեղային աստվածություններին երկրպագելուց։ Սինտոյի նախնադարյան շամանական ու հմայական ծեսերը որոշակիորեն միատեսակ դարձան միայն 5-6-րդ դարերից ի վեր, երբ արքունիքը սկսեց վերահսկել սինտոյական տաճարների գործունեությունը։ 8-րդ դարի սկզբին արքունիքում ստեղծվեց սինտոյի գործերի հատուկ դեպարտամենտ, իսկ 10-րդ դարում կազմվեց սինտոյի աստվածների ցուցակը (այն ժամանակ սինտոյի պանթեոնում կար 3132 աստված)։ Հետագայում նրանց թիվը զգալիորեն ավելացավ։
Հինգերորդ կոնցեպցիան կապված է ազգային հոգեբանական հիմքի հետ։ Համաձայն այդ կոնցեպցիայի, սինտոյի աստվածները, կամիները, ծնունդ են տվել ոչ թե առհասարակ մարդկանց, այլ միայն ճապոնացիներին։ Այդ պատճառով կյանքի առաջին իսկ տարիներից ճապոնացու գիտակցության մեջ արմատավորվում է այն գաղափարը, որ նա պատկանում է սինտոյին։ Այստեղից բխում էեն վարքի կարգավորման երկու կարևորագույն գործոն։ Նախ, այն պնդումը, որ կամիները ամենասերտ ձևով կապված են միայն ճապոնական ազգի հետ, երկրորդ, սինտոյական այն տեսակետը, թե ծիծաղելի է, երբ օտարերկրացին երկրպագում է կամիին և դավանում սինտո. ոչ ճապոնացու նմանօրինակ վարքը ընկալվում է իբրև անհեթեթություն։ Դրա հետ մեկտեղ, սինտոն ճապոնացիներին հետ չի պահում ցանկացած այլ կրոն դավանելուց։

Комментариев нет:

Отправить комментарий